Մամուլի ազատությունը ՀՀ-ում 2018 թվականից ի վեր շատ մեծ առաջընթաց է գրանցում․ Փաշինյան
ՀասարակությունՄամուլի ազատությունը Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականից ի վեր շատ մեծ առաջընթաց է գրանցում, և այդ առաջընթացը շարունակվելու է:
Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մամուլի ազատությունը շատ կարևոր է հենց ժողովրդավարական երկրի քաղաքացուն՝ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն մատակարարելու առումով: Բայց պետք է նաև հոգ տանենք, և այս պրոբլեմի հետ նույնպես բախվում են բազմաթիվ ժողովրդավարական երկրներ, որ կարողանանք մեր քաղաքացիների մեդիագրագիտությունը զարգացնել այն աստիճան, որ նրանք ի վիճակի լինեն առանց վարչական լրացուցիչ գործոնների, սուտ տեղեկատվությունը տարբերել իրական տեղեկատվությունից: Այստեղ էլ քաղաքական խնդիր ունենք և անպայման պիտի լուծենք այդ խնդիրը: Լրատվամիջոցների իրական շահառուների, իրական սեփականատերերի ինստիտուտը պետք է կայանա, որպեսզի մարդիկ իմանան, թե որտեղից է բխում տեղեկատվությունը, և ինչ նպատակ դա կարող է ունենալ: Ընդ որում՝ խոսքը կարող է լինել և՛ իշխանության, և՛ ընդդիմության մասին: Խնդիրն այն է, որ քաղաքացին պետք է հնարավորինս լավ տեղեկացված լինի, թե որ աղբյուրից է սնվում»,-ասել է Փաշինյանը: