Ոստիկանության ծախսերը 2021 թվականին 66,2 միլիարդ դրամ են կազմել․ փոխոստիկանապետ
Հասարակություն2021 թվականին ՀՀ պետական բյուջեից Ոստիկանության կարիքների համար հատկացվել է 67,3 միլիարդ դրամ։ Այս մասին մայիսի 31-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը։
Միաժամանակ, ինչպես նշեց Ոստիկանության ներկայացուցիչը, գերատեսչության ծախսերը կազմել են 66,2 միլիարդ դրամ կամ հատկացված ընդհանուր գումարի 98,6 տոկոսը։ Ընդ որում՝ ընթացիկ ծախսերը կազմել են 63,4 միլիարդ դրամ։
«Միեւնույն ժամանակ կապիտալ ծախսերը կազմել են 2,9 միլիարդ դրամ։ Սա 600 միլիոն դրամով ավելի է, քան նախորդ տարի»,- պարզաբանեց Մովսիսյանը։
Այս ծախսերը, նրա խոսքով, հիմնականում պայմանավորված են նոր Պարեկային ծառայության եւ Օպերատիվ կառավարման կենտրոնի ձեւավորմամբ։ Մասնավորապես, ձեռք է բերվել անհրաժեշտ տեխնիկա, կահույք, ավտոտրանսպորտային միջոցներ, զենք։ Վերանորոգվել են նաեւ Պարեկային ծառայության կարիքների համար հատկացված շենքերն ու տարածքները։