«Այդքան խելք ունենք, պարո′ն Աղազարյան»․ Գնել Սանոսյանը՝ Հովիկ Աղազարյանին
Video«Տարբեր տեղեկություններ ունենք, որ մասնավորապես ճանապարհաշինարարության տենդերների ժամանակ երբեմն հաղթում են ընկերություններ, որոնք առաջարկություն են ներկայացնում ու շահում, իսկ այդ առաջարկությունը նախնական հաշվարկից պակաս է 30-40 տոկոսով». Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Հովիկ Աղազարյանը՝ դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, փորձելով իմանալ՝ կա արդյո՞ք նման բան, թե՝ ոչ, արդյո՞ք դա վտանագավոր չէ, այստեղ փողերի լվացման հետ անհանգստություն չկա՞։ Նա նաև ցանկացավ իմանալ անցած տարվա տվյալներով ի՞նչ բաշխվածություն կա, որ ընկերություններն են շահում հիմնական մասը։
Սանոսյանը հայտարարեց, որ փողերի լվացման մասով իր նախարարությունը չի կարող տեսնել։
Աղազարյանի խոսքերով՝ ի՞նչ կա այդտեղ տեսնելու, եթե վնասով ես աշխատում, ինչ-որ նպատակ պետք է ունենա՞ս, թե՝ չէ։
Սանոսյանը նշեց, որ այդքան խելքն ունեն․ «Նկատի ունեմ, որ շարունակությունը մեր գործը չէ»։
Սանոսյանը նշեց, որ նախորդ տարի էլ կար, այս տարի էլ տեսնում են, երբ ընկերությունների միջև մրցակցության արդյունքում բավական մեծ խնայողություններ են լինում․ «Սա առաջին հայացքից լավ է թվում, քանի որ պետությունը գումարներ է խնայում։Օրինակ 5 միլիարդ դրամի մրցույթ ես հայտարարում, ընկերությունների մրցակցության արդյունքում 4 միլիարդով են աշխատանքն իրականացնում։Առաջին հայացքից պետությունը մեկ միլիարդ խնայում է։ Սակայն կան դեպքեր, երբ ինքնարժեքին շատ մոտ է, կամ նույնիսկ ցածր է։ Այդ ժամանակ սկսում են հարցեր առաջանալ։ Կան ընկերություններ, որոնք ուզում են ուղղակի դրանով շուկան վերցնել, այսինքն՝ վնասով կաշխատեն, բայց մեծ մասն աշխատանքների իրենք կանեն։ Մեծ հաշվով դա մեր տիրույթից դուրս է։ Եթե գնումների ընթացակարգով շահել են, պարտավոր են իրականցնել։ Մեր խնդիրն է հետևել որակին։ Իրենց ֆինանսական վնասներն արդեն այլ հարց են»։