«Ով այս պայքարին չի միանում, նա դառնում է նիկոլական»․ Էդուարդ Շարմազանով
Քաղաքական«Ով այս պայքարին չի միանում, կամա թե ակամա դառնում է նիկոլական, քանի որ երրորդ ուղի չկա։ Մի կողմում Հայաստանն ու Արցախն են, մյուս կողմում՝ կապիտուլյացիան։ Մի կողմում այն գաղափարն է, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, մյուս կողմում սրանց ղազագիրն է, Ադրբեջանի ու Թուրքիայի օրակագրի սպասարկումը։ Բոլոր նրանք, ովքեր լռում են, տարբեր անհեթեթ լուրեր են տարածում, նրանք Ալիև-Էրդողան-Փաշինյան հակահայկական դրիմ-թիմի անդամներ են». Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով խոսակցությունները, որ հունիսի 3-ին, երբ ընդդիմադիր պատգամավորները գնան խորհրդարան, փողոցային պայքարը կավարտվի:
Ինչ վերաբերում է հունիսի 3-ին, Շարմազանովը նախ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ընդդիմությունը մաշվելու է, ապա հայտարարեց, որ մաշվելու է Նիկոլը, Նիկոլի իշխանությունը․
«Իրենք իշխանություն չունեն։ Նրանք նմանատիպ լուրեր են տարածում, քանի որ սարսափած են։ Ժողովուրդը պետք է ապացուցի, որ Արցախն ու Հայաստանն ավելի շատ է սիրում, քան՝ Նիկոլն իր աթոռը։ Մենք ազգովի կապացուցենք, որ մեզ համար Արցախի ու Հայաստանի արժեքը շատ ավելի մեծ է, քան՝ Նիկոլ համար իր աթոռի արժեքը»:
Նա հորդորեց չսպասել, թե հունիսի 3-ից հետո շարժումը կմարի։