Ծիծեռնակաբերդի խճուղին բաց է
ՀասարակությունԾիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է ու արդեն հանձնված է շահագործման։ Երթևեկությունը, սակայն, խնդրահարույց հատվածում ժամանակավորապես կիրականացվի երեք ուղեգծով։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
«Հարգելի' քաղաքացիներ, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և այսօր արդեն հանձնված է շահագործման: Երթևեկությունը, սակայն, խնդրահարույց հատվածում ժամանակավորապես կիրականացվի երեք ուղեգծով՝ երկու լիարժեք ուղեգիծ Դալմա Գարդեն Մոլից դեպի ՄՀՀ և մեկը՝ ՄՀՀ-ից դեպի Դալմա Գարդեն Մոլ: Վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել ամրաշինական միջոցառումներ՝ ապագայում համանման իրավիճակներից խուսափելու նպատակով:
Միաժամանակ, տեղեկացնենք նաև, որ այս պահից սկսած հանրային տրանսպորտն աշխատելու է սովորական երթուղիներով:
Եվս մեկ անգամ հայցում ենք մեր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար», - նշված է հայտարարության մեջ: