Լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշումներ ընդունելու հարցը. Սաղաթելյան
ՔաղաքականԱնդրադառնալով Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելուն, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար: Մենք որոշում կայացրեցինք, որ հրապարակում ստեղծենք դիմադրության առաջին օջախը, այս հրապարակից կազմակերպենք պայքարը, դրա համար պետք էր ունենալ վրնային ավանը, որը ստեղծեցինք: Հսկայական արդյունք ենք ունեցել այդ վրանները տեղադրելով եւ պայքարը կազմակերպելով: Եկել էր մի պահ, որ մենք պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակը եւ վրանների արդյունավետության հարցը; Լինում են պահեր, երբ գալիս է ծանր որոշումներ ընդունելու հարցը: Մեր խնդիրը այս պայքարը արյունավետ կազմակերպելն է եւ վերջնական արդյունքին հասցնելը: Մեզ համար հեշտ չէր այդ որոշումն ընդունելը, բայց մենք պատասխանատու ենք այս շարժման վերջնարդյունքի համար: Մենք կարող էինք մեր մի քանի հարյուր քաղաքացիների հետ պահել հրապարակը՝ 30-40 աստիճան արեւի տակ վատնել մեր ռեսուրսը»,-ասաց նա:
Սաղաթելյանը նաեւ հավելեց, որ իրենք որոշում ընդունելիս մտածել են ոչ թե իրենց վարկանիշի մասին, այլ արդյունքների. «Մենք գիտեինք՝ ինչ է սպասվում: բայց ես վստահեցնում եմ, որ 1-2 օր հետո այն քաղաքացիները, որոնք անկեղծորեն մտահոգված էին, որ վրանները հանելուց հետո պայքարը կարող է թուլանալ, կհամոզվեն հակառակում: Պայքարի արդյունավետությունը պայմանավորված չէ վրաններով»,-ընդգծեց ԱԺ փոխխոսնակը: