Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ
Արտաքին ՔաղաքականԱնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր՝ հունիսի 17–ին, հանդիպել է Ղրղզական Հանրապետության ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլովի հետ, ով Երեւանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Ինչպես հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից, ԱԽ քարտուղարը նշել է, որ սա Հայաստանի Հանրապետության եւ Ղրղզական Հանրապետության Անվտանգության խորհուրդների քարտուղարների երբեւէ կայացած առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումն է։
Արմեն Գրիգորյանը հավելել է, որ սա եւս մեկ վառ ապացույց է երկկողմ փոխշահավետ համագործակցային հարաբերությունները զարգացնելու համար, ինչը ներառում է ոչ միայն բազմակողմ, այլ նաեւ երկկողմ ձեւաչափերով համագործակցությունը:
Ղրղզստանի ԱԽ քարտուղարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԽ քարտուղարից ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստի ընթացքում ցուցաբերած ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ հայ-ղրղզական հարաբերությունները գրանցում են կայուն զարգացման միտում՝ մասնավորապես, ԱՊՀ-ի եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։
Հանդիպման ավարտին Մարատ Իմանկուլովը պաշտոնական այցով հրավիրել է Արմեն Գրիգոյանին Ղրղզական Հանրապետություն։