«Քաղաքական պատվեր է կատարվելու». Գ. Մանուկյանը՝ Ապարանի աղմկահարույց դեպքի բացահայտման մասին
Քաղաքական«Որևէ մեկն իրավունք չունի խառնվելու նախաքննությանը, պարզապես կա հանրային պահանջ, որ ամբողջը պետք է քննվի, բացահայտվի՝ անկախ քաղաքական սահմանափակումներից, բայց այն նշանները, որ հիմա կան Ապարանի դեպքի քննության հետ կապված, ցույց են տալիս, որ ուղղակի քաղաքական պատվեր է կատարվելու»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով երեկ Ապարանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքին:
Նրա խոսքով՝ բառերով դժվար է նկարագրել այս խայտառակ դեպքը, անպատժելիությունը, ոստիկանության՝ գիշերվանից սկսած ՔՊ-ի մամուլի ծառայություն դառնալը, ամեն ինչ փորձել կոծկելը և ԱԱԾ-ի պահվածքը:
«Երիտասարդներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից էր. ԱԱԾ աշխատակիցները պետք է մի պահ կանգ առնեն ու գիտակցեն, թե ուր են հասցրել երկիրն իրենց անգործությամբ, երբ զոհ են գնում նաև նրանց ծառայակիցները: Այսինքն՝ այն, ինչ տեսանք Ապարանում և այն ձայնագրությունը, որը Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակեց, փաստում են, թե ինչպիսի «բռնաբարող արդարադատություն» ունենք: Նման դեպքերի հանգուցալուծումը մեկն է՝ այս իշխանությանը վերջ դնելը»,-ասաց Մանուկյանը` հավելելով, որ այսօրվա հավաքը պետք է արտահայտի հանրային զայրույթը անարդարության նկատմամբ:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 19:00-ին, ընդդիմադիրները շտապ հավաք են անելու Ֆրանսիայի Հրապարակում․ նրանք շարժվելու են դեպի ՔՊ գրասենյակ, Ոստիկանության և ԱԱԾ շենքեր: