Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել Սևանի ճահճացած ջրի մեջ. կան զոհեր
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։10-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Թորգոմ Ներսիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել Սևանի ճահճացած ջրի մեջ։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Դիերի որոնողական աշխատանքներին մասնակցել են 5 ջրափրկարար, իսկ ջրափրկարարներ Մելքոնյանն ու Մեսրոպյանը, որոշ հատվածներում մեծ դժվարությամբ կատարելով որոնողական աշխատանքներ, այնտեղից դուրս են բերել Թ. Ներսիսյանի և ուղևոր՝ Գավառ քաղաքի բնակիչ, 35-ամյա Գրիշա Հարությունյանի դիերը։
Վթարի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Մեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս է բերվել ճահճից և տեղափոխվել ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։