Ցավալի է, բայց ողբերգություն չէ. Աղազարյանը՝ ՔՊ-ն լքած կուսակիցների մասին
PoliticalԱյսօր Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանը հայտարարություն տարածեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին՝ նշելով, ՔՊ-ն դադարել է սպասարկել իր հավակնությունները:
Նա 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ էր:
Մեկ այլ ՔՊ-ական՝ Երեւանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչության նախկին պետ Հայկ Հովհաննիսյանը, ևս ներկայացրեց իր դժգոհությունը ՔՊ-ի նկատմամբ. ‹‹Արդեն մեկ տարուց ավել է, որ ինձ ստիպեցին աշխատանքից ազատման դիմում գրել, գրեցի դիմումը, որովհետեւ անչափ շատ եմ սիրում իմ քաղաքն ու որոշեցի, որ այդ պահի համար ճիշտը դա էր››։
ԼՈՒՐԵՐ.com-ը ՔՊ-ականների հայտարարությունների մասին փորձեց պարզաբանումներ ստանալ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանից:
‹‹Այդտեղ որևէ դատապարտելի բան չկա, որովհետև երբ քաղաքական հայացքների շուրջ հավաքվում են մի խումբ մարդիկ, գնում մի ուղղությամբ, ժամանակի ընթացքում շատ բաներ ձևափոխվում են, ձևախեղվում, փոխվում են պատկերացումները տարբեր հարցերի շուրջ, որոշների սպասելիքները չեն արդարանում, և հետևաբար նման գործընթացները առանձնահատուկ դեպքեր չեն››,-նշեց Հ. Աղազարյանը:
Անդրադառնալով Հայկ Հովհաննիսյանի այն պնդմանը, որ իրեն ստիպել են աշխատանքից դուրս գալ՝ նա ասաց, որ Հայկ Հովհաննիսյանին շատ լավ են վերաբերվել, իսկ այլ մանրամասներից տեղյակ չէ:
‹‹Ես չեմ կարծում, որ Հայկին ստիպել են, եթե կարծիք են հայտնում, դա չի նշանակում ստիպում են: Իսկ եթե նա դա դիտարկել է որպես ստիպողական խոսք, ապա թող բարի լիներ ժամանակին բարձրաձայնել այդ հարցը, ոչ թե հիմա նման խոսքեր ասել››,-ավելացրեց Հ. Աղազարյանը:
Վերջինս մեղավոր է համարում նրանց, այլ ոչ թե ՔՊ-ին.
‹‹Ես նահանջումների մեջ միշտ մեղավորություն եմ տեսնում, դու պետք է քո դիրքում քեզ վերապահված տեղը պահես:
Ինձ համար ցավալի է, որ նրանք լքում են մեր շարքերը, բայց դա ողբերգություն չէ››:
Սուսաննա Թամազյան