Ինչ սպասել հայ-թուրքական առաջիկա բանակցություններից
Political«Դա հակահայկական գործընթաց է, չի կարող հայանպաստ լինել»,- այսպիսի գնահատական տվեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը հուլիսի 1-ին Վիեննայում «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի» շրջանակում սպասվող Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպմանը։
«Հայ-թուրքական հարաբերությունների պատմության վերջին 30 տարիների ընթացքում Թուրքիան երբեք չի գնացել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման, քանի որ Հայաստանի առաջ քաշած պահանջներն անընդունելի են եղել նրա համար: Ըստ ամենայնի՝ այժմ իրավիճակը փոխվել է: Թուրքիան կարծում է, որ կարող է պահը օգտագործել, թուրքական նախապայմանները պարտադրել Հայաստանին, քանի որ տեսնում է, որ պարտված, կապիտուլացված Հայաստանը շարունակ զիջումների է գնում»,-նշեց թուրքագետը:
Նրա պնդմամբ՝ Հայաստանի իշխանությունները թուրքական շահերի սպասարկումը ներկայացնում են որպես առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների հաստատում՝ գերկարևորելով այդ գործընթացում Հայաստանի ունեցած տնտեսական շահերը:
«Բանակցությունների գնացող Թուրքիայի օրակարգը հայտնի է՝ ստանալ Զանգեզուրի միջանցքը, Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, չհիշատակել Հայոց ցեղասպանության մասին, իսկ հայկական օրակարգը ձևակերպված չեմ տեսնում»,-ավելացրեց նա:
Ըստ նրա ՝ այս բանակցություններում հայկական իշխանությունները հավանաբար ինչ-որ բան կշահեն, իսկ թե ինչ կստանա Հայաստանը, պարզ չէ:
Հիշեցնենք, որ սա ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանի եւ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումն է։ Վիեննայում կայացած նախորդ հանդիպումը Հայաստանի արտգործնախարարությունը կոչել էր անկեղծ եւ արդյունավետ ու վստահություն հայտնել, որ կողմերը հաստատել են առանց նախապայմանների գործընթացը շարունակելու իրենց համաձայնությունը։
Սուսաննա Թամազյան