‹‹Պատգամավորներն իրականացրին շեֆի որոշումները››
ՔաղաքականԱյսօր՝ հուլիսի 1-ին, Աժ-ում ընթացող արտահերթ նիստի օրակարգում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ‹‹Հայաստան›› խմբկացության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի և նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու հարցն էր, որի արդյունքում Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը ազատվեցին պաշտոններից:
‹‹ԱԺ-ում այսօր մեծամասնությունը վարվեց այնպես, ինչպես արդեն տարիներ շարունակ է վարվում՝ ոտնահարելով սահմանադրությունը, փորձելով արհեստական, կեղծ հիմնավորումներով հեռացնել քաղաքական հակառակորդներին ընդդիմությանը վերապահված պաշտոններից: Սա իրականում քաղաքական քինախնդրության և փոքրոգության վառ արտահայտություն է, որն առաջին անգամ չէ, որ նկատվում է քաղաքական մեծամասնության գործունեության մեջ››,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ ‹‹Հայաստան›› խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Անդրադառնալով Իշխան Սաղաթելյանին պաշտոնազրկելու հետ կապված ներկայացված հիմնավորումներին՝ նշեց, որ ցանկացած ոք կարող է տեսնել նրա գործունեությունը՝ մուտք գործելով ԱԺ կայք և նրա սոցիալական էջերը:
‹‹Անցնող մեկ տարվա ընթացքում Իշխան Սաղաթելյանը՝ որպես ԱԺ փոխնախագահ, լիարժեք գործունեություն է ծավալել: Հիմնավորումների «առյուծի բաժինը» կարծես ‹‹Դիմադրություն›› շարժման հանրահավաքներին ներկա ‹‹օպերների›› զեկույցների հիման վրա գրված լինեն: Իսկ բացակայությունների հետ կապված հարցը հեղհեղուկ է, բոլոր պատգամավորների հետ կապված էլ կան լուրջ հարցեր այդ առումով, անգամ ԱԺ ամենաակտիվ պատգամավորների››,-նշեց Գ. Մանուկյանը:
Անդրադառնալով ԱԺ պատգամավորների քվեարկությանը՝ նշեց, որ նրանք ուղղակի կոճակ սեղմողներ էին:
‹‹Նրանք հերթական անգամ ապացուցեցին, որ կոճակ սեղմողներ են, քանի որ նման աննախադեպ հարցի քննարկման ժամանակ որևէ ելույթ չեղավ, հարց չհնչեց: Այդ պատգամավորներին բերել, նստեցրել էին, որ իրականացնեին շեֆի որոշումները››,-եզրափակեց Մանուկյանը:
Սուսաննա Թամազյան