Պոլիտեխնիկական համալսարանում դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը
ՀասարակությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում տեղի ունեցավ շրջանավարտների 89-րդ ավարտական երեկոն, որը ուղեկցվեց դիմպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՊՀ խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հոգաբարձուներ, բուհի բարերարներ, հայտնի շրջանավարտներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմը, այս տարվա շրջանավարտներն ու նրանց ծնողները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց շրջանավարտներին ընդգծելով, որ չափազանց կարևորել է ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը հանրապետությունում:
«Երրորդ հանրապետության պատմության մեջ առկա պրոբլեմների մի հսկայական մասը կապված է տեխնոլոգիական այն բացերի հետ, կամ տեխնոլոգիական ժամանակակից պահանջներից և թրենդներից հետ մնալու հետ, որը, ցավոք, մենք ունեցանք: Ես ուզում եմ և հույս ունեմ, որ այս նոր ժամանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ավելի ճիշտ՝ նրա շրջանավարտները կվերագտնեն այն երբեմնի գործառույթը՝ ամեն օր Հայաստանն ավելի ու ավելի տեխնոլոգիական երկիր դարձնելու, որ ժամանակին ունեցել է այս համալսարանը և ընդհանրապես՝ մեր բուհական համակարգը: Կարծում եմ՝ մենք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ընդհանրապես, մեր բուհական համակարգը պետք է դիտարկենք այս տեսանկյունից, որ Հայաստանը մեր բուհական համակարգի միջոցով պիտի օր առաջ դառնա առավել մրցունակ հենց տեխնոլոգիական ոլորտում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ այսօր կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը, և սա չափազանց կարևոր է: Հենց Ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ամենակարևոր առաքելությունն է՝ հաղթահարել այն պոտենցիալ վախերը, որ կարող են դեռ գոյություն ունենալ տեխնոլոգիաների նկատմամբ, որովհետև տեխնոլոգիաները գալիս են մարդկանց, հասարակություններին ծառայելու: