Ինչու գլխավոր դատախազն այսօր չընդունեց զոհվածների հարազատներին. պարզաբանում
ОбществоԱյսօր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժարվեց ընդունել 44-օրյա պատերազմոււմ զոհված զինծառայողների հարազատներին՝ պատճառաբանելով, որ դեռևս նորություն չունեն, քննարկումներ են ընթանում գործը տեղափոխելու համար:
Դատախազության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները պահանջում էին, որ դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:
ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց վերջիններիս հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից:
«Նրանց բոլոր հարցերը համապատասխան ընթացքների մեջ են, նախկինում ներկայացված բոլոր միջնորդություններն, ըստ էության, բավարարվել են. քննչական ենթակայություն է փոխվել: Այսինքն՝ կապը կա համապատասխան փաստաթղթաշրջանառության միջոցով և այստեղ որևէ խնդիր չկա»,-պարզաբանեց Գ. Աբրահամյանը:
Այն հարցին, թե ինչու Ա. Դավթյանի հետ նրանց հանդիպումը չկայացավ, Գ. Աբրահամյանը նշեց, որ ամեն անգամ նույնաբնույթ հարցերի հետ կապված հանդիպումները այդքան էլ տրամաբանական չեն:
«Նախորդ շաբաթվա վերջին են նրանք հրավիրվել գլխավոր դատախազի հետ հանդիպման, բարձրացրել իրենց հարցերը, ստացել համապատասխան պարզաբանումներ գլխավոր դատախազությունից»,-ավելացրեց նա:
Հարուցված գործը ԱԱԾ-ին փոխանցելու հետ կապված պահանջին ի պատասխան՝ Գ. Աբրահամյանը նշեց, որ քննչական ենթակայության հարցը նախասիրություններով կամ նախապատվություններով չի լուծվում:
«Պետք է լինեն օբյեկտիվ անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքներ, որպեսզի դրանց պայմաններում դատախազությունը ցանկացած գործի քննչական ենթակայությունը փոխի: Եթե տվյալ դեպքում առաջանան նման հիմքեր, բնականաբար, այդ հարցը կլուծվի»,-նշեց Աբրահամյանը:
Վերջինս՝ որպես հիշեցում, ավելացրեց, որ նախկինում այս քրեական գործը քննվում էր հակակոռուպցիոն կոմիտեում, բայց հաշվի առնելով ծնողների կարծիքները, նաև որոշակի օբյեկտիվ հանգամանքներ՝ գլխավոր դատախազի կողմից գործի վարույթը իրականացնող մարմինը փոխվեց, հանձնվեց քննչական կոմիտեին, որպեսզի այնտեղ համապատասխան քննությամբ ապահովվի գործի նախաքննության լրիվությունն ու օբյեկտիվությունը:
Գ. Աբրահամյանը շեշտեց, որ դատախազությունը տվյալ դեպքում իրականացնում է վերահսկողություն գործերի քննությունների օրինականության նկատմամբ: Իսկ թե երբ կտրվի պատասխան զոհված զինծառայողների հարազատներին, նա ասաց, որ որպես դատախազության ներկայացուցիչ՝ այդ հարցին այս պահին չի կարող պատասխանել, քանի որ քրեական գործի շրջանակներում կատարվում են գործողություններ և դրանց արդյունքներով պայմանավորված՝ նոր հնարավոր կլինի որոշակի հարցերի պատասխաններ տալ:
Սուսաննա Թամազյան