Ադրբեջանի ներկայացուցիչները ներողություն են խնդրել իրենց մարզիկի վարքի համար
SportԱդրբեջանի հավաքականի կազմը, ֆեդերացիայի ներկայացուցիչները մոտեցան մեզ եւ ներողություն խնդրեցին իրենց մարզիկի վարքի համար` նշելով որ նախապես մտածված չի եղել: Ադրբեջանցի մարզիկը որակազրկվեց, զրկվեց նաեւ մեդալից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդյանյանը:
«Հայկ Պապիկյանի ոսկե մեդալով պարգեւատրման ժամանակ պատվո հարթակից ադրբեջանցու հեռանալը մեծ արձագանք ստացավ: Ադրբեջանցի մարզիկը պատժվեց միջազգային ֆեդերացիայի կողմից նաեւ ըմբշամարտի աշխարհի կողմից: Սպորտ է, պայքար է, պարտվել ես, պարտավոր ես պատվո հարթակին կանգնել մինչեւ վերջ, լսել հաղթած ըմբիշի երկրի հիմնը: Փորձեց չհարգել եւ պատժվեց. մեդալը վերցրին ձեռքից, երկրորդ տեղը զբաղեցրեց երրորդը զբաղեցրած մարզիկը: Թիմային պայքարում Ադրբեջանը 20 միավոր կորցրեց եւ զբաղեցրեց 7-րդ տեղ:
Ադրբեջանցիներն, իրենց ֆեդերացիայի ներկայացուցիչներով, գլխավոր մարզիչը մոտեցան մեզ, ներողություն խնդրեցին բոլորիցս, որ մենք չմտածենք՝ դա եղել է նախապես ծրագրած իրենց թիմի կողմից: Ասացին, մենք մեր պատիժը կտանք մարզիկին, ինչպես հարկն է»,- ասաց Ավետիք Վարդանյանը: