Էրիկ Գրիգորանն ու Ռոմանոս Պետրոսյանը մսխե՞լ են ԵՄ՝ միլիոնավոր դոլարների դրամաշնորհը
Analytical2019 թվականին, երբ Սևանա լիճը բախվեց իսկական էկոլոգիական աղետի, բնապահպանության նախարարությունը հայտարարեց, որ խնդրի լուծման նպատակով ԵՄ-ից ստացել են 5 միլիոն եվրոյի դրամաշնորհ: Մասնավորապես, հայտարարվել էր, որ մշակվել է «Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման և պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ և նախատեսվող գործողությունները» փաստաթուղթը, ինչը ներկայացվել էր ԵՄ գործընկեր դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման նպատակով։ Ֆինանսավորումը ստացվել է, խնդիրը դեռ կա: Այս տարի էլ կապուտաչյա գեղեցկուհին բախվել է նույն խնդրին, որի կրկնակի ծագումը պատկան մարմինները պետք է կանխած լինեին: Ինչի՞ մասին է սա խոսում:
2019-ին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ այդ 5 միլիոն եվրո դրամաշնորհով մշակվել է կողակի վերականգնման ծրագիր, որը հանդիսանում էր Սևանա լճի մաքրման հիմնական գործոններից մեկը: Այնուհետև հայտարարվեց, որ խնդիրը լուծված է, ԵՄ դրամաշնորհով հատկացված գումարները ծառայել են իրենց նպատակին։ Որոշ ժամանակ անց Սևանը իսկապես ստացավ իր բնականոն կապուտակ երանգը, սակայն, դա տևեց շատ կարճ ժամանակ։ Էրիկ Գրիգորյանը պաշտոնից հեռացավ Ամուլսարի շուրջ ծագած սկանդալից հետո և այդ սկանդալի ֆոնին, այնուամենայնիվ տեղ գտավ ՔՊ ղեկավար մարմնում։ Նրան փոխարինած Ռոմանոս Պետրոսյանը, ըստ տրամաբանության, պետք է շարունակեր Գրիգորյանի կիսատ թողած աշխատանքը և վերը նշված դրամաշնորհային ծրագրով նախատեսված քայլերը։ Սակայն, խնդիրները Պետրոսյանի ղեկավարման շրջանում լուծվելու փոխարեն միայն ավելանում էին։ Մասնավորապես ճգնաժամային իրավիճակ էր ստեղծվել Սևանա լճի մակարդակի նվազման հետ կապված։ Ռեկորդային նվազումը չէր կարող չազդել լճի ճահճացման վրա։ Այն բնապահպանական ՀԿ-ը, որոնք ահազանգում էին գումարների ոչ նպատակային օգտագործման վրա լռեցվում էին: Արդյունքում այսօր Սևանը, որը Հայաստանի համար ունի ռազմավարական, եթե չասենք՝ ազգային անվտանգության տեսակետից լրջագույն նշանակություն՝ կանգնած է բնապահպանական նոր աղետի շեմին:
Թերևս, երկու բանի՝ կա՛մ նախարարությունը և միմյանց փոխարինած երկու նախարարները արդյունավետ չեն օգտագործել ստացված կլորիկ գումարը, կա՛մ այդ գումարը ընդհանրապես ծախսվել է այլ նպատակներով: Համենայնդեպս, կատարված աշխատանքների ծավալներն անզեն աչքով էլ բավարար չեն և խնդիրը դեռևս առկա է: Բացի այդ, Գերմանիայի կրթության եւ գիտության նախարարությունը 1,5 մլն եվրո դրամաշնորհ էր տրամադրել Հայաստանին Սեւանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը ուսումնասիրելու համար: Ուսումասիրվել է արդյո՞ք իրավիճակը, և եթե այո՝ ինչ եզրակացությունների է հանգել նախարարությունը: Իհարկե, որևէ մեկը չի պնդում, որ գործ ունենք միանշանակ կոռուպցիոն ռիսկի հետ, սակայն, այնուհանդերձ, գումարները ծախսվել են, իսկ արդյունքը՝ գրեթե զրոյական է: Նախարարության նախորդ տարի տարածած հայտարարության մեջ բառացիորեն նշվում էր, որ 5 միլիոն եվրո է նախահամաձայնեցվել ԵՄ կողմից Սևանա լճին վերաբերող բնապահպանական խնդիրների լուծման համար: Կրկնենք՝ լուծման: Իսկ խնդիրներն այսօր լուծված չեն, հետևաբար հարց՝ ինչի՞ վրա է ծախսվել սույն դրամաշնորհը…։