Բենզեմայի ու Ազարի գոլերը չօգնեցին «Ռեալին» հաղթել «Ամերիկային»
SportՍան Ֆրանցիսկոյի (ԱՄՆ) «Oracle Park» մարզադաշտում կայացել է Մադրիդի «Ռեալի» և մեքսիկական «Ամերիկայի» միջև ստուգողական հանդիպումը։ Թիմերը չկարողացան որոշել հաղթողին՝ ամրագրելով վերջնական հաշիվը՝ 2:2։
Հինգերորդ րոպեին հաշիվը բացեց «Ամերիկայի» հարձակվող Էնրի Մարտինը։ Մադրիդյան ակումբի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման 22-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հաշիվը ցուցատախտակի վրա։ Հանդիպման երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց բելգիացի Էդեն Ազարը 11 մետրանոց հարվածով առաջ մղեց Մադրիդի «Ռեալին»։ Մեքսիկայի հավաքականի կիսապաշտպան Ալվարո Ֆիդալգոն 82-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ և հանդիպման վերջնական հաշիվը սահմանեց։
Մադրիդի «Ռեալը» նոր մրցաշրջանը կբացի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղով։ Կարլո Անչելոտիի թիմը կհանդիպի գերմանական «Այնտրախտի» հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին։ Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով՝ 23:00-ին: