Թալանել են Քիմ Քարդաշյանի դիմահարդար Հրուշ Աճեմյանի տունը (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ-ում թալանել են հայտնի հայ դիմահարդար Հրուշ Աճեմյանի տունը։ Այս մասին հայտնել է ինքը՝ դիմահարդարը, ինստագրամյան իր էջում։
«Երբեք չէի մտածի, որ ինձնից կգողանան իմ թանկարժեք ունեցվածքը, առողջությունն ու անվտանգությունը: Ինձնից խլել են տատիկիս ժամացույցն ու մատանին։ Խնդրում եմ ձեր օգնությունը այս հաղորդագրությունը տարածելու համար, քանի դեռ բոլոր ներգրավվածները պատասխանատվության չեն ենթարկվել»,- տեսանյութին կից՝ գրել է Աճեմյանը։
Կողոպուտը տեղի է ունեցել կեսօրին։ Երբ Հրուշը տուն է վերադարձել, ավազակները դեռ այնտեղ են եղել։ Առաջին հերթին դիմահարդարը նկատել է առաջին հարկում խառնաշփոթը, որտեղ ամեն ինչ բառացիորեն տակնուվրա է արվել։ Աճեմյանը երկրորդ հարկից նույնպես աղմուկ է լսել։ Նա անմիջապես վազել է հարևանների մոտ՝ ոստիկանություն կանչելու, սակայն ավազակներին հաջողվել է փախչել՝ մինչ ոստիկանության ժամանելը։
Դիմահարդարը կարծում է, որ կողոպտիչները երկու ժամից ավելի գտնվել են իր տանը։ Բացի այդ, նա վստահ է, որ իրենք հստակ գիտեին, թե որտեղ են պահվում թանկարժեք իրերը, որոնք «հեշտությամբ» գողացել են։
Աճեմյանը խոստովանել է, որ ցնցված և վախեցած է իր անվտանգության նկատմամբ ոտնձգությունից և իր համար թանկ բաների կորստից։