«Արցախում աշխատանք կա». Ստեփանակերտում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվել
ԱրցախԱյսօր՝ օգոստոսի 6-ին, Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի բացօթյա տարածքում կազմակերպել է աշխատանքի տոնավաճառ՝ «Արցախում աշխատանք կա» խորագրով:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի պաշտպանության Արցախյան պատերազմներում հերոսացած տղաների հիշատակին:
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ աշխատանքի տոնավաճառ կազմակերպելու նպատակն աշխատանք փնտրողներին և բոլոր գործատուներին մեկ վայրում համախմբելն է, որպեսզի հանդիպեն և քննարկեն, թե ով ինչ ունի առաջարկելու:
ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Համլետ Պետրոսյանը նշել է, որ Արցախում աշխատանքի տոնավաճառն արդեն երրորդ անգամ է կազմակերպվում: