Բաքուն մտադիր է «կյանքի ճանապարհից» զրկել արցախցիներին․ թեժ քննարկում՝ ուկրաինական հեռուստաալիքի եթերում
ForeignՈւկրաինական Еспресо TV լրատվական հեռուստաալիքն իր եթերում անդրադարձել է Արցախում լարվածության սրմանը։ Այդ մասին ԼՈՒՐԵՐ․com-ին տեղեկացրեց ՀՀ-ում Ուկրաինայի նախկին (առաջին) դեսպան Ալեքսանդր Բոժկոն, որը եղել է հաղորդման մասնակիցներից մեկը։
Մեզ հետ զրույցում փորձառու դիվանագետը նշեց, որ հաղորդման ժամանակ կարծիք է հայտնել, թե Ղարաբաղում իրավիճակի սրման պատճառներից մեկն Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական զինադադարի միակողմանի խախտումն էր։ Նա հայտարարարել է, թե ադրբեջանական զինուժի գործողությունների հետևում կարելի է տեսնել Ադրբեջանի ցանկությունը՝ կտրել, այսպես կոչված, «Լաչինի միջանցքը», որն, ըստ էության, «կյանքի ճանապարհն» է Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների համար։
«Այս կարևորագույն հաղորդակցության ամբողջական վերահսկումը Բաքվին թույլ կտա թելադրել իր պայմանները հայկական կողմին, ճնշում գործադրել նրա վրա՝ պահանջելով մասնավորապես արագացնել Հարավային Կովկասի այս երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը Ադրբեջանի համար շահավետ պայմանների վրա»,- ինչպես նշեց մեզ հետ զրույցում, ուկրաինական ալիքի եթերում հայտարարել է փորձառու դիվանագետը։
Բոժկոն նաև տեսակետ է հայտնել, թե այս սադրանքը տեղի է ունեցել ռուսական խաղաղապահ զորախմբի թողտվությամբ, քանի որ, ըստ նախկին դեսպանի, Մոսկվան ձգտում է պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում։
Զրուցեց՝ Արա Ալոյանը