«Ստեղծված իրավիճակի միակ ելքը այս իշխանության և դավաճանության մարմնացման փոփոխությունն է»
ՔաղաքականԲոլորիս միտքն ու սիրտն այս օրերին բազմապատիկ մտահոգությամբ կենտրոնացած է Արցախ աշխարհի վրա․ Աղավնոյի, Բերձորի, մյուս բնակավայրերի ճակատագրի վերաբերյալ կարող ենք լսել ամենից ծայրահեղ, ամենից հուզական գնահատականները․ ընդդիմությանն, օրինակ, մեղադրում են, ոչ այնքան վճռական քայլեր անելու մեջ։
Նույնիսկ առաջարկեցին խորհրդարանական ընդդիմությանը՝ հաջորդ հանրահավաքն անցկացնել Քաշաթաղում։
«Միանգամայն հասկանալի են բոլոր այն մարդկանց սպասումները, ովքեր անզորությունից, կամաց-կամաց գիտակցելով դավադրության մասշտաբները հայցաքն ուղղել են ընդդիմությանը և ելքեր են ակնկալում։ Այստեղ է, որ մենք պետք է ունենաք ազնիվ և ուղիղ երկխոսություն՝ զերծ որևէ տեսակ պոպուլիզմից․ ստեղծված իրավիճակի միակ ելքը այս դե ֆակտո իշխանության և պարտության ու դավաճանության մարմնացման փոփոխությունն է»,-անդրադառնալով խնդրո առարկային՝ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։
Ընդդիմադիր գործչի պնդմամբ, միայն այդ դեպքում կարելի է հուսալ, որ անընդհատ չենք կանգնելու սողացող կապիտուլյացիայի և երկրի հանձնման փաստերի առջև։
Մեր այն դիտարկմանը, թե, չնայած նախընթաց շրջանի հիասթափություններին, հանրությունը դեռ սպասում է ընդդիմության հատու՛ գործողություններին, Քրիստինե Վարդանյանն ասաց հետևյալը․
«Հարցի պատասխանը, որքան էլ զարմանալի լինի, պարզ է՝ համաժողովրդական ընդվզման միջոցով։ Երբ հարցի պատասխանն էլ է այստեղ․ երբ կարողանանք կազմակերպել այդ համաժողովրդական ընդվզումը։ Ես տեսնում եմ, որ այդ ընդվզման տրամադրությունները գնալով հասունանում են»։
Զրուցեց՝ Արա Ալոյանը