ԱԺ-ն արտահերթ կարգով կքննարկի հրավառությունների կազմակերպման կարգը խստացնելու նախագիծը
SocietyԱզգային ժողովի աշնանային նստաշրջանում նախատեսվում է քննարկման ներկայացնել հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, ով եկել էր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք՝ ծանոթանալու պայթյունից հետո իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
«Որոնողափրկարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Ես հատուկ ուզում եմ ընդգծել փրկարարների աշխատանքի որակը և շնորհակալություն հայտնել նրանց: Ինչ վերաբերում է տեղի ունեցած ողբերգությանը, ապա այն շատ ցավալի է ու սթափեցնող: Վստահ եմ՝ սա կլինի առիթ մտածելու նման նյութերի պահպանման, մեր մասնավոր առիթներին հրավառություն անցկացնելու վերաբերյալ: Դեռ 2021 թվականին քննարկվել ու կառավարության կողմից հավանության էր արժանացել մի նախագիծ, որը գրեթե սահմանափակում էր հրավառական միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ: Նման միջոցների օգտագործումը նախագծով թույլատրվում էր միայն պետական, համայնքային տոների ժամանակ: Կա մեծ գործարար ոլորտ, որը փոխկապակցված է այս հարցին, սակայն կարծում եմ, որ այդ կոշտ որոշումը պետք է ամեն դեպքում կայացվի: Խոսել եմ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, ով համահեղինակն է այդ նախագծի, և ԱԺ առաջին նստաշրջանի ժամանակ հարցն արտահերթ կքննարկվի»,-ասաց Տիգրան Ավինյանը: