1 անհետ կորածի հայտնաբերումը բավականին բարդ է լինելու․ անձը գտնվել է պայթյունի էպիկենտրոնում
Video«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո փրկարար ծառայության աշխատակիցների կողմից փլատակներից հանվել է 26 քաղաքացի, որից 16-ը՝ զոհված: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով որոնողափրկարարական աշխատանքների ընթացքը:
Նախարարը նշեց, որ 10 փրկվածները տարհանվել են հրդեհի բռնկումից հետո 2 ժամվա ընթացքում:
«Աշխատանքներին ներգրավված է եղել 935 փրկարար ծառայող, որից 350-ը՝ հենց նույն օրը: Կիրառվել է 60 տեխնիկա, որից 32 ավտոբաք, 6 սանդուղք, 9 փրկարարական և 13 օժանդակ մեքենաներ, ինչպես նաև 2 ԱԹՍ»,- ասաց նախարար:
Փամբուխչյանի խոսքով՝ ներկա պահին նույնականացված է 15 զոհվածի ինքնությունը, մեկը դեռ համարվում է չնույնականացված:
«Ներկա պահին մենք հայտարարում ենք, որ ունենք 2 անհետ կորած, բայց ունենք ենթադրություն, որ մեկ չճանաչված դին այդ անհետ կորածներից մեկն է»,- ավելացրեց նախարարը:
Փամբուխչյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ տարվում են մյուս անհետ կորածին հայտնաբերելու աշխատանքներ: Նա հավելեց, որ գիտեն թե կոնկրետ ում են փնտրում և որ հատվածում:
«Մենք ներկա պահին մաքրել ենք տարածքի 90 և ավել տոկոսը և մոտեցել ենք բուն ենթադրվող էպիկենտրոնային գոտուն և այնտեղ իրականացնում ենք որոնողափրկարարական աշխատանքներ»,- եզրափակեց նախարարը: