«Ողբերգությունից օրեր անց Փաշինյանը վերջապես խոսեց «Սուրմալու»-ի մասին, բայց մեղավորն էլի ինքը չէ»
Политические«Սուրմալու» տոնավաճառի ողբերգության ժամանակ որևէ խոսք չասած, միջազգային գործընկերներից ցավակցական հեռագրեր ստացած, դժբախտ պատահարի վայր չժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում վերջապես անդրադարձել է 16 մարդու կյանք խլած միջադեպին։
Անակնկալ չփնտրե՛ք․ ինչպես մեր երկրին կամ հայությանը պատուհասած բոլոր փորձությունների, ձախողումների դեպքում, այս անգամ ևս նա հրաժարվեց ուղիղ պատասխանատվությունից՝ հայտարարելով, որ Լիբանանի նախորդ տարվա պայթյունից հետո ինքը խնդիր էր դրել կառավարության առջև՝ բացառելու նման երևույթները Հայաստանում, նույնիսկ այդ մասով՝ հանձնարարական տվել։
«Սա Փաշինյանի սովորական դարձած ոճն է․ այս մարդը բոլորին մեղավոր ու պատասխանատու է համարում, բացի՝ իրենից, ինքը մեղավոր չէ, չի հասցնում։ Ուզում է, թե ՝ ոչ, չգիտեմ, բայց եթե իրեն լսենք, ուզում էր, բայց չհասցրեց»,- անդրադառնալով կառավարության ղեկավարի վարքագծին՝ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այսպիսի բնորոշում տվեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Նրա կարծիքով, եթե նույնիսկ Փաշինյանն ու իր կառավարության անդամները որևէ բան ցանկանում են անել, ի վիճակի չեն, քանի որ, ըստ նրա, վաղուց ապացուցել են իրենց ապաշնորհությունը։
Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, Փաշինյանն այս հասարակության տիպիկ «պրոդուկտ» (արտադրանք) է։
«Այս ամենը հետևանք է, արդյունք է։ Խոսելով հետևանքների մասին, պետք է ասել, որ Փաշինյանն ու հասարակությունը համապատասխանում են իրար։ Այլ ու խորքային հարց է, թե ինչու է հասարակությունն այսօր այս վիճակում»,-ընդգծեց Կարեն Քոչարյանը։
Արա Ալոյան