Քանի դեռ այս իշխանությունը կա, մեր ողնաշարը ուղղելու որևէ հնարավորություն չենք ունենալու․ Նաիրա Զոհրաբյան
ՔաղաքականՔանի կա նիկոլիզմն ու նիկոլականությունը և այս կապիտուլյատների իշխանությունը, մենք գլխապատառ գնում ենք դեպի պետականության կորուստը։ Մենք գրեթե հատել ենք անդառնալիության կետը․ ևս մեկ քայլ և մենք գլորվելու էինք պետականության կորստի անդունդը և սա պաթետիկ խոսքեր չեն, այլ պարզ իրատեսական ու քաղաքական հաշվարկ։
Սա ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի համոզումն է։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում քաղաքական գործիչը նշում է․
«Այն, ինչ կատարվում է այսօր՝ ՀՀ անվտանգության գոտի Արցախի ոչնչացումը, ՀՀ սուվերեն տարածքների բզկտումը, միջազգային հարթակներում Հայաստանը, այս իշխանության թեթև ձեռամբ՝ «պոլի շոր սարքելը», մեկ հանգրվան է ունենալու՝ Հայաստանի պետական ջախջախում և քանի դեռ այս իշխանություն կա, մենք մեր ողնաշարը ուղղելու որևէ հնարավորություն չենք ունենալու, որովհետև այս իշխանությունը որպես հաճախորդ մեկ խնդիր ունի՝ սպասարկել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների շահերը, որտեղ ուղղակիորեն բացակայում է Հայաստանի հանրապետության շահը»։
Անդրադառնալով այսօր՝ օգոստոսի 23-ին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին, Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Էդգար Ղազարյանը կարևոր գործընթաց է նախաձեռնել։
«Մենք շատ ենք բողոքում, շատ ենք դժգոհում, որ չկա առաջնորդող մեկը, որ քաղաքացիական խիզախություն ունենա ասելու՝ ես պատրաստ եմ ինձ վրա վերցնելու շարժման առաջնորդությունը։ Մենք տեսանք, որ ընդդիմադիր այն գործիչները, ովքեր Դիմադրության շարժման լիդերներն էին, իրենք չկարողացան կամ իրենց մոտ չստացվեց լուծել կարևորագույն խնդիրը՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, որովհետև իրենց օրակարգը, որով իրենք հայտ էին ներկայացրել՝ առանց թուրքի Հայաստան, բնականաբար, չէր կարող ապահովել հանրային մեծ կոնսոլիդացիա և այդ օրակարգը չէր կարող ունենալ աջակցություն ունենալ արտաքին ուժային կենտրոնների կողմից»,-նշեց մեր զրուցակիցը։
Նա վստահեցրեց, որ ինքն անձամբ լինելու է Հանրապետության հրապարակում և այնտեղ հավաքվելու կոչով դիմեց նաև իր համակիրներին, ընկերներին և Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ հայրենակիցներին։
«Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, կարող եմ ասել, որ նա չի ընդունի Էդգար Ղազարյանի հրավերը, չի իջնելու հրապարակ և հրաժարական չի տա։ Նիկոլ Փաշինյանի համար իշխանություն պահելը նշանակում է փրկել իր կյանքը։ Կարծում եմ, Էդգար Ղազարյանն այսօր նոր շարժման սկիզբ է և ես տեսնում եմ պոտենցիալ, որ սա լինելու է կարճաժամկետ շարժում, և եթե բոլորիս հաջողվի այս շարժումը տրանսֆորմացնել համաժողովրդական շարժման՝ հավատացնում եմ, շատ կարճ ժամանակահատվածում Նիկոլի խունտան տապալվելու է»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։
Արա Ալոյան