Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գրառումը․
- Ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքի չափն էապես կմեծանա: Հարկ է նշել, որ օրենսդրությամբ երթևեկելի հատվածի աղտոտումը սահմանում է 30000 դրամ տուգանք, որի իրականացման պատասխանատուն ՀՀ ՃՈ-ն և պարեկային ծառայությունն են:
- Սուբսիդիայի պայմանագրի համաձայն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկնարկել է «Մայրության» զբոսայգու արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման և արդիականացման ծրագիրը:
- Ամբողջությամբ կարդիականացվի Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի լուսավորության ցանցն ու ոռոգման համակարգը: Հանձնարարվել է նախագիծը մշակել «Երքաղլույս», ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ- հետ համատեղ:
- Կոմիտասի անվան պուրակը ևս կունենա արդիականացված ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց:
- Ավարտվել են Դավթաշեն վարչական շրջանի բնակելի շենքերի նկուղների մաքրման աշխատանքները:
- Աշխատանքներ կտարվեն Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի տանիքը նորոգելու նպատակով:
- «Կարմիր» գծերը խախտողների հեռախոսահամարներին հաղորդագրություններ կուղարկվեն: Համայնքը նախանշում է իրավախախտման մասին ծանուցման ևս մեկ գործիք ունենալ: Քաղաքապետարանն առայժմ ծանուցումն ապահովում է փոստով կամ «Ազդարար» կայքով:
- Դեռևս 2009թ. Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել. անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Համաձայն որոշման, տնտեսվարողները պարտավոր են ամեն օր աղբից, ձմռանը՝ ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե և սալիկապատ ծածկերը, ինչպես նաև խնամել ու կանաչապատել հարակից սիզամարգերը: Առկա 14167 տնտեսվարողից 6508-ին արդեն սահմանված նորմերը պահպանելու վերաբերյալ ծանուցումներ են ուղարկվել:
|