Այո՛, դա քարոզարշավ անելու տեղ չէր. Ավինյանը` «Սուրմալու» այցելելու մասին
PoliticalԱյո՛, դա քարոզարշավ անելու տեղ չէր։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ մեկնաբանելով «Սուրմալու» առևտրի կենտրոն այցելելուց հետո իր հասցեին հնչող քննադատությունները։
«Եվ բացարձակապես նման ցանկություն և միտում չկար այդ ամենի մեջ»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ լրագրողն իրեն երեք անգամ հարցրել է ՔՊ-ի կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու լինելու մասին, ինչն ինքը հաստատել է:
«Բայց այն վերնագրերը, որոնք ցանկալի էին որոշ լրատվականների համար, նրանք կարողացան ստանալ: Շատ դեպքերում, մենք բովանդակությունը թողած, քլիքվող վենրագրերի հետեւից ենք ընկնում եւ այդտեղ շատ բան է կորում»,-ասաց նա:
Հիշեցնենք`«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից 3 օր անց` օգոստոսի 17-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել էր դեպքի վայր։
Լրագրողների հարցին ի պատասխան Ավինյանը ասել էր, որ «Սուրմալուի» տարածք է եկել որպես ՔՊ վարչության անդամ ու Երևանի քաղաքապետի ապագա թեկնածու։