Վահրամ Դումանյանը մեկնաբանեց կնոջ ընդդիմադիր գրառումները սոցցանցում
Ես իրականում չեմ հետևում կնոջս ֆեյսբուքյան գրառումներին: Այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ մեկնաբանելով իր կնոջ՝ Անահիտ Դումանյանի գրառումներից մեկը, որում նա քննադատում է գործող իշխանություններին։
Նախարարը սկզբում տարակուսանք հայտնեց, բայց հետո սկսեց մեկնաբանել. «Կինս պատասխանել է այդ անձին (նա չմանրամասնեց, թե ինչ անձի մասին է խոսքը)։ Գիտե՞ք՝ ինչ է արել։ Նա տարրական մանիպուլյացիա է արել։ Խոսքը մոնտաժի մասին է։ Սակայն խոսքը բոլորովին այլ բանի մասին էր։ Այդ անձը գտել է իրեն հետաքրքող նյութը եւ սկսել է տարածել։ Այդ մարդուն խորհուրդ կտամ միայն լսել տաղանդավոր երգիչ Վլադիմիր Վիսոցկու հայտնի երգը եւ կեղտոտ կոշիկներով սրբավայր չմտնել՝ այն փչացնելու համար»,-ասաց Դումանյանը։
Նշենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի կինը ֆեյսբուքյան իր էջին պարբերաբար հակաիշխանական հայտարարություններ է հրապարակում։ Վերջին նման գրառումն արվել էր օգոստոսի 29-ին։ Դումանյանը, մասնավորապես, կիսվել էր օգտատերերից մեկի գրառմամբ։ Ըստ այս օգտատիրոջ՝ թուրքերն առանց որեւէ կրակոցի են մտել Աղավնո, ինչն ուղղակի անընդունելի է։ «Շնորհավորում եմ ձեզ՝ Բաքուն նվաճող առյուծներ։ «Քաղաքացիական պայմանագրի» մարմնավաճառների սերունդն առանց որեւէ կրակոցի հայկական Աղավնոն թուրքերին հանձնեց։ Օգոստոսի 25-ին թուրքն առանց կրակոցի մտավ հայկական Աղավնո...»,- գրել է օգտատեր Ա. Արամյանը։
Հենց այս գրառմամբ էլ կիսվել էր Վահրամ Դումանյանի կինը՝ իր կողմից մի քանի արտահայտություն ավելացնելով. «Թուրքը մտավ Աղավնո։ Խելագարվել կարելի է: Մինչդեռ մեզ մոտ խրախճանքներ ու փառատոններ են… Զուգահեռ իրականություն, անտարբեր աշխարհ եւ ցավ… Եւ մեզանից յուրաքանչյուրն այս ամենի մասնակիցն է»,- գրել էր Անահիտ Դումանյանը։