Փաշինյանը նորից բողոքում է Պուտինի՞ն, թե՞ դժգոհ է Ռուսաստանից․ տեսակետներ
PoliticalԿան ուժեր, որոնք մտածում են, թե Ռուսաստանը «զբաղված է» Ուկրաինայում, ինչը հնարավորություն կտա ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեր այն հարցին, թե այդ հայտարարությամբ ու՞մ կամ ի՞նչ է ակնարկում ՀՀ վարչապետը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց հետևյալը․
«Իհարկե, Փաշինյանն ակնարկում է, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայում զբաղվածության հետևանքով, Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են լրացնել անվտանգային վակուումը: Այս գնահատականը մասամբ օբյեկտիվ է: Մյուս կողմից, ուկրաինական ճգնաժամն օբյեկտիվորեն նպաստել է Հարավային Կովկասում ռուս-թուրքական համագործակցության սերտացմանը, ըստ այդմ՝ այնքան էլ արդյունավետ չէ Մոսկվայի ու Անկարայի ենթադրյալ հակասությունների վրա քաղաքականություն կառուցելը»:
Հարցի շուրջ մեկնաբանություն տվեց նաև քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, դժվարանալով ասել, թե կոնկրետ ում նկատի ունի Փաշինյանը։ Այդուհանդերձ, մեր զրուցակից նշեց հետևյալը․
«Կարծում եմ պետք է պարզ լինի, որ Բրիտանիան է հիմնական ինտրիգների հեղինակն ինչպես ուկրաինական պատերազմում, այդպես էլ Արցախի երկրորդ պատերազմի ու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության»:
Արա Ալոյան