Ցանկացած ժողովրդավար երկրում այս հայտարարությունից հետո պետք է սկսվի իմպիչմենթի գործընթաց. Տաթևիկ Հայրապետյան
ԲլոգոսֆերաԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրառում է կատարել՝ կցելով լուսանկար. «Արսեն Թորոսյանը, ով հանդես է գալիս որպես ՀՀ իշխող ուժի պատգամավոր և կոչված է սպասարկելու մեր պետության ազգային ու անվտանգային շահը, իր ադրբեջանահաճո գործելաոճի համար մի օր հավանաբար կարժանանա «Հեյդար Ալիևի» անվան մրցանակին։ Ցավոք, նա միակը չէ այդ թիմում, ավելին` որոշում կայացնողի չհնչեցրած մտքերն է արտահայտում...
Իսկ միտքն ամբողջությամբ սուտ է, քանի որ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի իրացման դեպքում Արցախը լինելու էր կա՛մ անկախ, կա՛մ էլ ՀՀ-ի կազմում: Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը չգնաց խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհով: Առողջապահության նախկին նախարարը, ով դառել է հայ-ադրբեջանական հարաբերությունների «գիտակ» և «պատմաբան», նաև խոստովանեց, որ իշխող ուժը հրաժարվել է իր նախընտրական ծրագրից, քանի որ որոշել է հարմարվել նոր պայմաններին: Ցանկացած ժողովրդավար երկրում այս հայտարարությունից հետո պետք է սկսվի իմպիչմենթի գործընթաց, քանի որ մեծամասնությունը, որը ընտրել է ղեկավար, այլ ծրագրի օգտին է քվեարկել, ըստ որի՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ավելին՝ անգամ դրված էր Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի հարցը: Թող ՔՊ-ն «նոր պայմաններին համահունչ» ծրագիր ներկայացնի, նոր կիմանան ունեն մանդատ Արցախն Ադրբեջանին հանձնելու, թե ոչ»: