Սխալ է Բաքվի հետ զենքի առուծախի մեջ գտնվող Իսրայելից որևէ անդրադարձի ակնկալիք ունենալ․ լուռ էին նաև 44-օրյա պատերազմի օրոք․ տեսակետ
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի վերջին սադրանքին արձագանքեց գրեթե ամբողջ աշխարհը, ուժային կենտրոններն ու ազդեցիկ քաղաքական կառույցները, գործիչները՝ Ռուսաստանից, Իրանից մինչև Եվրոպա և Արևմուտք։ Իսրայելի պաշտոնական շրջանակներից, համենայն դեպս, հայկական մասմեդիայում որևէ մեկնաբանություն չհայտնվեց սահմանային լարվածության վերաբերյալ։
Մյուս կողմից, պաշտոնական Թել Ավիվի այդպիսի վերաբերմունքը միանգամայն համահունչ է իսրայելա-թուրքական հարաբերությունների հաշտեցման գործընթացի և Ադրբեջանի հետ այդ երկրի առնչությունների ներկայիս մակարդակի տրամաբանությանը։
«Սխալ է Իսրայելից որևէ անդրադարձի ակնկալիք ունենալ։ Իսրայելը ընդհանրապես լուռ էր նաև 44-օրյա պատերազմին։ Եվ այդ երկրի միակ արձագանքը 44-օրյա պատերազմին վերաբերում էր Ադրբեջանի նկատմամբ Իսրայելի ունեցած պարտավորություններին․ խոսքը վերաբերում է մինչև 2024 թվականը 5 մլրդ ԱՄՆ դոլարի զենքի առուծախին»։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․ com-ին ասաց Երուսաղեմահայ հասարակական գործիչ Սերոբ Սահակյանը։
Նրա կարծիքով, Իսրայելը մեր պատերազմի առնչությամբ ունենալու է այն նույն վերաբերմունքը, ինչն այսօր ունի ռուս-ուկրաինական պատերազմի նկատմամբ․
«Կատարյալ լռություն, իսկ մյուս կողմից անմիջական զենքի վաճառք Բաքվին: Մինչ այս պահը, բացի իսրայելական ռադիոյից, ոչ մի պաշտոնական ամբիոն որևէ չարտահայտվեց ներկա ռազմական ընդհարումների գծով»։
Մեր այն դիտարկմանը, թե այս իրավիճակում ո՞րն է մնում Հայրենիքի փրկության տեսլականը, ելքը, երբ իշխանություն-ընդդիմություն պայքարն ուղեկցվում է արդեն ընդդիմություն-ընդդիմադիր ուժեր հակասություններով, Սահակյանն ասաց․
«Գալով մեր ներկա թնջուկին, ասեմ, որ լուծումը նրանում է, որ ՀՀ ներկայիս սպառված իշխանությունները պետք է հրաժարական տան ու երկրի ղեկը հանձնեն զինվորականությանը, որոնք իրենց հերթին, արտակարգ իրավիճակին համապատասխան, հատուկ կառավարություն պիտի կազմավորեն մեր իրականության բոլոր ուժերը մեկտեղելով»։
Իսրայելահայ գործչի համոզմամբ, այլ լուծում չունենք, քանզի իրեն սպառած իշխանության տրամադրվածությանը զուգահեռ կարող է նաև Հայաստանը սպառվել։
Արա Ալոյան