Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆԱՄՆ ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որով դատապարտում է Ադրբեջանի գործողությունները։
Ազգային ժողովում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիերը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպիսի՞ն է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, փոխանցում է «Արմենպրես»-ը։
«Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որի համահեղինակները բոլորս ենք՝ այստեղ ներկաներս, մենք դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները, եւ հուսով ենք, որ մենք առաջ կշարժվենք այդ բանաձեւով։ Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխությանը դեմ ենք լինելու»,- ասաց Սփիերը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին իր հերթին նշեց, որ ԱՄՆ-ի անմիջական արձագանքն Ադրբեջանի գործողություններին այն էր՝ դադարեցնել բռնությունները եւ հրադադար հաստատել։
« Մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել (ագրեսիան-խմբ․), մենք ընդունել ենք դա»,- ասաց Փելոսին։