«Բաց հասարակության» հիմնադրամը կոչ է անում դիվանագիտական ճնշում գործադրել Բաքվի վրա
ՀասարակությունՄիջազգային հանրությանը կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի երկայնքով ինտենսիվ մարտերի բռնկումից հետո ամրապնդելու հրադադարը, քանի որ մարտերի հետեւանքով, վերջին շաբաթվա ընթացքում, զոհվել է ավելի քան 200 զինծառայող։ Այս մասին ասվում է միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնած «Բաց հասարակություն» հիմնադրամի թվիթերյան միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ։
«Այս շաբաթվա սկզբին ադրբեջանական զորքերը սկսել են գնդակոծել հայկական տարածքները, ներառյալ քաղաքացիական ենթակառուցվածքները, այնուհետեւ գրավեցին միջազգային սահմանի հայկական կողմի տարածքները: Մարտերն ամենաարյունալին են երկու երկրների միջեւ 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմից հետո, որի ժամանակ հազարավոր մարդիկ զոհվեցին՝ հանուն Լեռնային Ղարաբաղի էթնիկապես հայկական անկլավի վերահսկողության, որը գտնվում է Ադրբեջանի սահմաններում: 2020 թվականի պատերազմի եւ երկու երկրների միջեւ նախորդ հակամարտությունների ժամանակ կռիվները հիմնականում սահմանափակվել են Լեռնային Ղարաբաղով, որը միջազգային իրավունքի համաձայն համարվում է Ադրբեջանի մաս: Մենք կոչ ենք անում ԵՄ-ին եւ ՄԱԿ-ին քայլեր ձեռնարկել՝ ապահովելու ադրբեջանական զորքերի դուրս բերումը Հայաստանից եւ ռազմական գործողությունների չկրկնվելը, այդ թվում՝ հրադադարի մոնիտորինգի խմբերի տեղակայմամբ, ինչպես նաեւ Բաքվի վրա դիվանագիտական ճնշում գործադրելով՝ խաղաղ բանակցություններին վերադառնալու համար», - նշվում է տարածված հայտարարության մեջ: