Հուսանք, դրանք կհանգեցնեն Փաշինյանի հեռացմանը․ Ղազարյանը՝ ՀՀ ազդեցիկ դեմքերի հանդիպումների մասին
PoliticalԽորհրդարանական ընդդիմությունը նոր նախաձեռնություն ունի․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ օրհասական պահին ազգի կենսական խնդիրների համար անհրաժեշտ է երկրի ազդեցիկ դեմքերի հանդիպումը․ այդ համատեքստում կայացել է արդեն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպումը։
«Պատասխանատու պահերին ցանկացած նմանօրինակ հանդիպումներն ու խորհրդակցությունները միայն դրական տեսանկյունից պետք է դիտարկել։ Ցավալի է, իհարկե, որ նման ազդեցիկ մարդկանց հանդիպումների և խորհրդակցությունների համար անպայման անհրաժեշտ է ոչ թե սեփական, այլ երրորդ կողմի նախաձեռնությունները, որոնց մի մասն ընդունվում են, մյուս մասը՝ մերժվում»,-ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Մյուս կողմից, մեր զրուցակցի համոզմամբ, նման հանդիպումների փաստը միայն բավարար համարել չի կարելի։
«Կարևոր է դրանց արդյունքները, այդ հանդիպումների արդյունքում կայացվող որոշումներն ու դրանց իրականացումը; Առայժմ նման արդյունքներ տեսանելի չեն»,-նկատեց ընդդիմադիր գործիչը։
Նա նաև հույս հայտնեց, որ այդ հանդիպումների արդյունքում կընդունվեն այնպիսի որոշումները, որոնք հետագայում կյանքի կկոչվեն և կհանգեցնեն լուրջ զարգացումների, այն է՝ Նիկոլ Փաշինյանին, գոնե այս նախապատերազմական փուլում, իշխանությունից հեռացմանը։
Արա Ալոյան