Եթե կորցնենք անկախությունը, նոր պետականություն ունենալու շանս այլևս չի լինելու․ Արտակ Զաքարյան
ПолитическиеՀայկական օրացույցում, ցավոք, ոչ տոնական օրերը շատ են, ավելի՛ն, տոնական օրերին էլ տոնի զգացողություն չկա՝ բոլորիս հայտնի պատճառներով։ Սեպտեմբերի 21-ն, այդուհանդերձ, առանձնահատուկ է հայերիս համար․ ուղիղ 31 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց Անկախ պետություն՝ կենսագործելով հայ ժողովրդի դարավոր երազանքը։ Արդյո՞ք լիարժեք անկախ ենք, թե՝ ոչ․ խորհրդածությունների հենց այս բեռով ենք շարժվում բոլորս։
«Հանուն Աստծո և արդարության, Հայ ժողովուրդը պետք է հենց վաղը վռնդի իշխանությունից այս դավաճաններին և դատավարություն պահանջի պետության և անկախության դեմ գործած սրանց ծանրագույն հանցանքների համար: Մենք պետք է սրանց վռնդելով, ինքնակազմակերպվենք և ամեն գնով պաշտպանենք մեր անկախ պետականությունն ու ինքնիշխանությունը»,-ԼՈՒՐԵՐ․ com-ին ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
Քաղաքական գործչի խոսքով, Հայաստանը հնարավորություն ունի աշխարհաքաղաքական այս դժվար ժամանակները ճիշտ հաղթահարելու, ինչպես նաև զարգացման ու կտրուկ առաջընթացի ուղի բռնելու համար:
«Այս անկախ պետականությունը մեր վերջին շանսն էր, գուցե տրված Աստծո կողմից: Եթե այն կորցնենք, այլևս պետություն չենք ունենալու: Դասվելու ենք գնչուների շարքին: Սփյուռքը կա, որովհետև Հայաստանի Հանրապետություն կա, Արցախ կա»,-ընդգծեց Զաքարյանը։
Նա նշեց, որ Իսրայելը Հայաստանից ոչնչով առավել չէ․
«Ինչու՞ մենք չպետք է ձգտենք զարգանալ Իրայելի մոդելով: Մենք ունենք բոլոր պարամետրերը և հիմա առավել ևս պետք է կիրառենք Իսրայելի հաջողված փորձը և հասարակության զարգացման մոդելները: Հույս, Հավատ, Սեր և Միաբանություն: Ահա այն ամենը, ինչը մեզ հիմա պակասում է: Հավերժ փառք և խոնարհում մեր նահատակ եղբայրների և քույրերի անմար հիշատակին»։
Արա Ալոյան