Դուրս գալ ՀԱՊԿ-ից, դիմել ԱՄՆ-ին՝ՆԱՏՕ-ի ոչ անդամ դաշնակցի կարգավիճակ ստանալու․ ԱԺԲ-ն «վերջնագրեր» է ներկայացրել իշխանություններին
PoliticalՀՀ Անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ի Ազգային Ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) Ազատության հրապարակում հանրահավաք անցկացրեց։ Ո՞րն էր քաղաքական այդ ուժի վերջին հանրահավաքի գլխավոր ուղերձ-պահանջը։
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար, ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանը ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց, որ իրենց ուղերձը եռամիասնության մեջ էր՝ հաշվի առնելով երկրի օրհասական ու ծանր վիճակը, անվտանգային խնդիրները։
«Առաջինը՝ իշխանություններին ուղղված կոչ էր՝ պետականորեն կազմակերպելու երկրի ինքնապաշտպանությունը։ Երկրորդ՝ կրկին կոչ իշխանություններին՝ սկսել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց և կատարել համապատասխան քայլեր; Եվ երրորդ՝ դիմել ԱՄՆ-ին՝ ՆԱՏՕ-ի ոչ անդամ դաշնակցի կարգավիճակ ստանալու, որը թույլ կտա զենք ու ռազմական աջակցություն ստանալ Վաշինգտոնից»,-նշեց մեր զրուցակիցը։
Պապյանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյո՞ք հոկտեմբեր ամիսը ԱԺԲ-ի համար կարելի է անվանել պայքարի հանրահավաքային հատվածի վերսկսման ակտիվ փուլ, դատելով այդ ամսվա համար քաղաքական ուժի՝ Երևանի քաղաքապետարանին ներկայացված հայտերից։
«Մենք միշտ էլ ակտիվ պայքարի մեջ ենք եղել, բայց, այո՛, կարելի է ասել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին վերսկսելու ենք հանրահավաքային պայքարի ակտիվ փուլը»,-հավելեց քաղաքական գործիչը։
Արա Ալոյան