ՀԱՊԿ-ից դուրս գալու կողմնակից «տաք գլուխներին» մի հարց ունեմ՝ մենք ազգ ե՞նք, թե՞ բնակչություն․ Արամ Սարգսյան
PoliticalՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ներկայում նախագահող Հայաստանը այդ ռազմաքաղաքական կառույցի հետ լուրջ տարաձայնություններ ունի․ փաստը հավասարապես ընդունում են թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները։
«Այն, որ ՀԱՊԿ-ն կատարյալ կառույց չէ, դա վաղուց հայտնի է, փաստ է նաև, որ այդ կառույցը կայացած չէ որպես այդպիսին, ուստի, ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններ անելուց առաջ, հարկ է նախ սերտացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ հասկանալու, թե որտեղ են խնդիրները։ Անհրաժեշտ է թարմացնել և արդիականացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև խաղաղության մասին համաձայնագիրը, որը կնքվել է 1997 թվականին»։
ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Հայաստանի «Դեմոկրատական կուսակցության» նախագահ, ՀՀ 2-րդ նախագահ Ռ․Քոչարյանի նախկին խորհրդական Արամ Սարգսյանը։
Քաղաքական գործչի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի դեմ նկատվող հանրային բացասական տրամադրություն հարուցողը իշխանություններն են, որոնք, փոխանակ, բարելավելու և վերանայելու մեր դաշնակցի հետ հարաբերությունները, խուճապի են մատնում ժողովրդին։
«Հակառուսական տրամադրություն հարուցողներին և ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարող «տաք գլուխներին» մի հարց ունեմ՝ մենք ազգ ե՞նք, թե՞ բնակչություն, եթե ազգ ենք՝ պետք է մեկտեղենք մեր հնարավորություններն ու ջանքերը՝ պետականության զգացումով, եթե բնակչություն ենք, ապա կշարունակենք մնալ ոչ թե որպես սուբյեկտ, այլ՝ օբյեկտ, ով անընդհատ օգնություն է մուրում ինչ-որ մեկից, «քեռուց», ԱՄՆ-ից և այլն»,-հավելեց Արամ Սարգսյանը։
Արա Ալոյան