Թշնամին «քթներիս» տակ է, հերիք չէ, ինժեներական աշխատանքներ է կատարում առաջացած դիրքերում․ Նորաբակի ղեկավար
ՀասարակությունԱդրբեջանի ռազմական վերջին ագրեսիայից մեծապես տուժած համայնքներից մեկն էլ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Նորաբակ գյուղն է, որի մատույցներում թշնամին, ըստ տարածված տեղեկությունների, զգալիորեն առաջխաղացում է ունեցել․
«Ադրբեջանցիները բավականին առաջ են եկել և մոտեցել գյուղին։ Թշնամին, հերիք չէ, «մեր քթների տակ» է, ակտիվ շինարարական և ինժեներական աշխատանքներ է կատարում առաջացած դիրքերում, ավելի՛ն, զորքի թվաքանակի ավելացում է նկատվում»,-նշեց Նորաբակի վարչական ղեկավար Վազգեն Ասատրյանը։
ԼՈՒՐԵՐ․com-ի զրուցակիցը հավաստիացրեց, որ այս պահին կրակոցներ չկան և վիճակը հարաբերականորեն կայուն է։
Ինչ վերաբերում է գյուղին պատճառված վնասներին և բնակչության տեղաշարժին՝ Ասատրյանն ասաց․
«Մարզային իշխանությունները դեռ համախատասխան գույքագրում, ուսումնասիրություն չեն կատարել, երևի՝ մեզ էլ հերթը հասնի։ Ընդհանուր առմամբ, վնասվել են գյուղի հարակից տարածքների խոտհարքները, վարելահողերը և այլն։ Գյուղացիների խոտի տունկերը կապած, պատրաստ են եղել, բայց, կրակոցների հետևանքով, այրվել են ամբողջությամբ։ Նախքան Ադրբեջանի վերջին հարձակումները՝ գյուղն ուներ 140 բնակիչ, այս պահին՝ հազիվ 100 հոգի է մնացել»։
Պաշտոնյան նշեց նաև, որ դասապրոցեսը դեռևս չի մեկնարկել, չնայած ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանին։ Պատճառը, ըստ Նորաբակի վարչղեկավարի, երեխաների՝ գյուղում չգտնվելու փաստն է։
Արա Ալոյան