Ես սիրում եմ Ռոնալդուին, որպես խաղացող նա ինձ ավելի մոտ է, քան Մեսսին․ Ալվես
Սպորտ

«Պումասի» պաշտպան Դանի Ալվեսը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ իր համակրանքի մասին։ Նրա խոսքով՝ 37-ամյա պորտուգալացին իրեն ավելի մոտ է որպես խաղացող, քան ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին։
«Ես սիրում եմ Ռոնալդուին: Հիմա, երբ մենք այլևս «Բարսելոնայում» և «Ռեալում» չենք, կարող եմ դա ասել: Նա հիանալի օրինակ է բոլորիս համար: Ռոնալդուն բոլորի համար օրինակ է նրանով, որ քրտնաջան աշխատանքով կարող ես մրցել լավագույնների հետ։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրան, և ես հնարավորություն ունեցա նրան ասելու այդ մասին։
Որպես խաղացող՝ ես ավելի մոտ եմ Կրիշտիանուին, քան Մեսսիին։ Ի վերջո, Լիոնելը բնատուր տաղանդ է։ Նա ծնվել է ֆուտբոլ խաղալու տաղանդով և գտնվում է այլ աշխարհում, որին միայն նա կարող է հասնել»,- Ալվեսի խոսքն է մեջբերում Marca-ն։
39-ամյա բրազիլացին և Ռոնալդուն Լա Լիգայում մրցակիցներ են եղել 2009-ից 2016 թվականներին, երբ նա խաղում էր «Բարսելոնայում», իսկ Կրիշտիանուն՝ «Ռեալում», գրում է Armsport.am-ը։