Լոռու մարզում «ՈւԱԶ»-ի` գլխիվայր ձորում հայտնվելու հետևանքով զոհերի թիվը դարձավ 2
Emergency CaseSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 22-ին Երևանի «Արտմեդ» բժշկական կենտրոնում մահացել է Լոռու մարզի բնակիչ 73-ամյա Անդրանիկ Օ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ սեպտեմբերի 21-ին Լոռու մարզում իր կողմից վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Թռչկանի սարամիջյան ճանապարհին ձորակում գլխիվայր հայտնվելու հետևանքով։
Տեղում 1 հոգի մահացել էր, իսկ 4 հոգի, այդ թվում՝ Անդրանիկ Օ․-ն, տեղափոխվել էին հիվանդանոց։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Մեծ Պարնի-Թռչկան սարամիջյան ճանապարհի 4-րդ կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ՝ 73-ամյա Անդրանիկ Օ-ն ի վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 70 մետր առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 62-ամյա Գագիկ Շահբազյանը տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 34-ամյա Ավագ Ա-ն, 56-ամյա Արագած Դ-ն տեղափոխվել են «Սպիտակ» ԲԿ, իսկ վարորդ Անդրանիկ Օ-ն՝ «Վանաձոր» ԲԿ։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանը, նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանը և դասակի հրամանատար Արամ Պետրոսյանը։
Վիրավորներին շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները։
Օպերատիվ են գործել նաև Սպիտակի հիվանդանոցի բժշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Մահացածին փրկարարները պատգարակով մոտեցրել են դիատարին։