Քանի դեռ Փաշինյանը ղեկավարում է մեր երկիրը, Հայաստանը մշտապես լինելու է պատերազմական իրավիճակում․ Էդգար Ղազարյան
Политические«ՄԱԿ-ում ունեցած իմ ելույթում ես մի պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջզգայնորեն ճանաչված սահմաններով։ Եթե այդպես է՝ կարող ենք շարունակել խաղաղության պայմանագրի քննարկումը։ Ցավոք՝ դրական պատասխան չկա։ Հարց․ ինչո՞ւ»։
Երեկ թվիթերյան այսպիսի գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ի՞նչ կարող է նշանակել այդ ինչուն, կարո՞ղ ենք ենթադրել, որ Բաքուն նոր հարձակում է պատրաստում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, եթե հաշվի առնենք նաև Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի վերջին կոչը իրենց բանակին՝ պատրաստ ու զգոն լինել՝ պատասխանելու հայկական կողմի ցանկացած «սադրանքի»։
«Նոր պատերազմի հավանականությունը պայմանավորված է մի շարք գործոններով․ առաջին հերթին դա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր Ազգային ժողովում, որտեղ, ի թիվս այն եզրահանգման, որ նա պատրաստ է ստորագրել ցանկացած փաստաթուղթ՝ եթե նույնիսկ իրեն դավաճան համարեն։ Բացի դրանից, ինքն ըստ էության գաղտնազերծեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների մանրամասներ՝ նշելով կոնկրետ Հայաստանի տարածքների անուններ, որոնք հիմա դարձել են Ադրբեջանի հետ բանակցությունների վիճարկման առարկա»,-ասաց քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
ԼՈՒՐԵՐ․ com-ի զրուցակիցը հիշեցրեց, որ դրանից հետո պատերազմի իրական վտանգի ու սպառնալիքի մասին հայտարարություններ են արել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ Ճապոնիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ։
Ղազարյանն այս համատեքստում հիշատակեց նաև Ադրբեջանի ու Թուրքիայի ՊՆ ղեկավարների հեռախոսազրույցը, ՀՀ-ում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նախազգուշական կոչերն՝ իրենց քաղաքացիներին, անվտանգության նկատառումներով Հայաստանի կոնկրետ բնակավայրեր այցելությունից խուսափելու մասին, Իրանի խորհրդարանի արտահերթ նիստը Հայաստանի ու Ադրբեջանի հարցով, Հայաստանի դիմումները՝ ՀԱՊԿ-ին ու ՄԱԿ-ի ԱԽ-ին և այլն։
«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է մեր երկիրը, Հայաստանը մշտապես լինելու է պատերազմական իրավիճակում։ Պատերազմ, որը տանելու է ծանր կորուստների։ Այդպես արդեն եղել է, այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ նա գտնվում է իշխանության ղեկին»,-նշեց ընդդիմադիր գործիչը։
Արա Ալոյան