Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը մշտապես համեմված է նիհիլիզմով, պարտվողականությամբ և թշնամիների ողորմածությանն հանձնվելու ցանկությամբ. քաղաքագետ
BlogosphereՔաղաքագետ Արա Պողոսյանը, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցը, մի քանի դիտարկումներ է արել ֆեյսբուքյան իր գրառմամբ։
«Կարելի է լսել` Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկացած երկու-երեք հարցազրույց ու դրանից հետո ցանկացած հաջորդ հարցազրույցի ընդհանուր բովանդակության ուրվագծերը տալ առանց լսելու։
Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը մշտապես համեմված է նիհիլիզմով, պարտվողականությամբ և թշնամիների ողորմածությանն հանձնվելու ցանկությամբ, կեղծ պրագմատիզմով։
Ընդ որում` կեղծ պրագմատիզմը (ո'չ միայն վերջինիս, այլև առհասարակ) ուղղված է հանրային դիմադրողականության թուլացմանը։
Մյուս կողմից` նա իր խոսքը հաճախ համեմում է կես-ճշմարտություններով, ինչը շատ ավելի վատ է, քանի որ կես-ճշմարտությունները հենց մանիպուլատիվ տեխնոլոգիաների խայծն են և կարեւոր էլեմենտը, առանց որի հնարավոր չի լինի մանիպուլյացիոն հնարքների կիրառումը։
Մյուս կողմից` Առաջին նախագահի ընդգծված ատելությունը քաղաքագետների և փորձագետների նկատմամբ կարելի է հիմնավորել հենց այն էական հանգամանքով, որ հենց քաղաքագետներն են հաճախ կարողանում «մերկացնել» Տեր-Պետրոսյանի թեզերի սնանկությունը։
Ու առհասարակ` երբ պատմաբանը իր վրա է վերցնում քաղաքագետի ֆունկցիաները, ստացվում է այն, ինչ ստացվում է։
ԵՒ ինչպես կասեր վաստակաշատ Մ. Վեբերը, քաղաքականությունը հնարավորի և անհնարինի արվեստն է, քանի որ քաղաքականության մեջ բացարձակ անհնարին վիճակներ չեն լինում։
Իսկ եթե վերաձևակերպենք Վեբերի սույն միտքը, ապա կստանանք` «քաղաքականությունը անհնարինն հնարավոր դարձնելու արվեստն է»:
Իսկ մեր ցավը և քաղաքական մտքի պարտությունների պատաճառն այն է, որ մեզանում քաղաքականությունը արվեստից վերածվել է արհեստի (փեշակի)»։