Վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի պարտության պատճառը Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշի էական անկումն է․ Սուրեն Սուրենյանց
PoliticalԿիրակի՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ մի շարք մարզերում անցկացված ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն անհաջողություններ գրանցեց որոշ համայնքներում, այդ թվում՝ Քաջարանում, Բյուրեղավանում, Ալագյազ խոշորացված համայնքում, Ճամբարակում և այլն։
Կարելի է՞ սա նշան համարել այն բանի, որ իշխող կուսակցությունն արդեն «ճամպրուկային տրամադրության մեջ է» և այդ ընտրությունները բնավ չի կարևորում այլևս։ Մյուս կողմից, կարծիք կա, որ այնտեղ, որտեղ պարտություն է կրել ՔՊ-ն, հաղթել են այնպիսի կուսակցություններ, որոնք ասոցացվում են երկրի իշխանությունների հետ։
«ՔՊ-ն ամեն ջանք գործադրել է՝ հաղթանակի հասնելու համար, որոշ դեպքերում՝ չարաշահվել է վարչական ռեսուրս: Իսկ որոշ համայնքներում` իշխող կուսակցության պարտության պատճառը ոչ թե «ճամպրուկային տրամադրություններն» են, այլ` Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշի էական անկումը»:
Նման տեսակետ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Տուրք չեմ տա բամբասանքներին, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը զրո առնչություն ունի իշխանությունների հետ: Մեր հաջողության գրավականները՝ մեր քաղաքական այլընտրանքային բովանդակությունն ու տեղական ուժեղ թիմերն են»,-նշեց մեր զրուցակիցը։
Սուրենյանցի խոսքով, իրենց թիրախավորում են թե՛ գործող իշխանությունները, թե՛ հին համակարգը։
«Պատճառն այն է, որ մեր մեջ երկուսն էլ իրական այլընտրանք են տեսնում: Թող թիրախավորեն, երկուսն էլ, ի վերջո, հեռանալու են քաղաքական ասպարեզից: ՏԻՄ ընտրություններում մեր հաջողությունների միայն սկիզբն են»,-ընդգծեց քաղաքական գործիչը։
Արա Ալոյան