Լևոն Տեր-Պետրոսյանը «փաստաբանական ծառայություն է մատուցում» Փաշինյանին․ քաղաքագետ
PoliticalՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախօրեին Հ1-ին տված հարցազրույցը լի էր աղմկահարույց հայտարարություններով։ Նախկին առաջնորդը նշեց, որ Արցախի հարցն արդեն լուծվել է, Հայաստանն այլևս ոչ մի խոսք չունի Արցախի հարցում։ Բացի այդ, նա նշեց, որ մեր երկրից առավել հզոր պետություններ են կապիտուլյացիայի ենթարկվել` կարծեք, մեր պարագան դարձնելով սովորական ու ոչ այնքան ցավոտ։
«Բնականաբար, առաջին նախագահի հայտարարությունները հասարակական լայն շրջանակների մոտ պարտվողականության, հանձնվելու, չընդդիմադրելու էմոցիաներ կարող է առաջ բերել։ Չնայած` Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքում սա նորություն չէ․ ինքը դեռ 90-ական թվականներից իր քաղաքական մոտեցումներում միշտ արձանագրել է, որ հանձնվող տեսակ է։ Փաստորեն նա «փաստաբանական» ծառայություններ է մատուցում գործող վարչապետին՝ Հայաստանի համար գալիք, նոր կապիտուլյացիոն պայմանագիր կնքելու համատեքստում»,-ԼՈՒՐԵՐ․сom-ին ասած քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Նրա համոզմամբ, ԼՏՊ-ի հայտարարությունները Հայաստանի՝ որպես սուբյեկտ հանդես գալու դիրքերից, հրաժարման վկայություն են։
«Առաջին նախագահի հայտարարությունների մեջ նաև հակասական շեշտադրումներ կային, այսինքն՝ անհասկանալի է, թե ինչ է դրված բանակցությունների սեղանին, բայց նա ասում է, որ, փաստորեն, աջակցում է Փաշինյանին։ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը «հանձնում, հանձնում մինչև վերջ» տրամաբանության մեջ էր»,-նկատեց Ալեն Ղևոնդյանը։
Որպես փրկության ճանապարհ՝ քաղաքագետը նշեց գործող իշխանությունների անհապաղ հեռացումն ու քաղաքական բոլոր ուժերի համախմբումը։
Արա Ալոյան