Փաշինյանի հայտարարությունները անտրաբանական են, ՀՀ արտաքին քաղաքականությունը անտերության է մատնված․ Ռուբեն Հակոբյան
PoliticalԿառավարության այսօրվա նիստում վարչապետը հայտարարեց, թե չնայած միլիոնավոր դոլարների հասնող պատվերներին, Հայաստանի գործընկերները, այդ թվում՝ դաշնակից պետությունները, սպառազինություն չեն տրամադրում մեր երկրին։
Զուգահեռաբար, այսօր կրկին Հայաստան է այցելել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը․ սա նրա երկրորդ այցն է մեր երկիր՝ սեպտեմբերի 12-14-ին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո։ Նախորդ անգամ Նիկոլ Փաշինյանը չէր ընդունել պաշտոնյային։
«Փաշինյանի ասածները, հայտարարարությունները, պահվածքը չեն կարող տեղավորվել մարդկային տրամաբանության մեջ։ Այս անձն ասում է այնպիսի բաներ, որոնց մասին երևի կերազեին տեղեկանալ ադրբեջանական հատուկ ծառայությունները։ Հրապարակավ ասել, որ փող ունենք, զենք չունենք կամ չեն տալիս, անտրաբանական է, դա վարչապետի խոսք չէ»,-ԼՈՒՐԵՐ․ com-ին ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում (ՌԴ) ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը։
Նրա խոսքով, ՀՀ արտաքին քաղաքականությունը մատնված է անտերության և մեր այդ իմունիտետի բացակայությունից օգտվում են շատերը, առաջին հերթին հակառակորդները։
«Ինչ վերաբերում է Ստանիսլավ Զասի հերթական այցին, ապա հիմա ամեն ինչ այնքան է խառնվել, որ որևէ ողջամիտ ենթադրություն անելը բարդ է»,-ընդգծեց մեր զրուցակիցը։
Արա Ալոյան