Առաջին հերթին մեր դիվանագիտական բացթողումն է. միջազգայնագետը՝ զենք գնելու, բայց չստանալու մասին
Political«Ես կարծում եմ դա հենց առաջին հերթին մեր դիվանագիտական բացթողումն է,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին, որում նշեց, թե Ադրբեջանը այնպես է արել, որ մեր դաշնակիցները մեր գնած զենքը մեզ չեն փոխանցել:
«Եթե մեր թշնամին կարողանում է դիվանագիտական անհայտ ճանապարհներով այնպես ազդել, որ մեր գնած զենքը չի հասնում մեզ, ուրեմն դա մեր դիվանագիտական ներկայացուցչությունը՝ Մոսկվայում կամ այլ երկրներում, որտեղ որ էդ խնդիրը եղել է, լավ չի աշխատել: Ուրեմն էդ դեսպանները լավ չեն աշխատել և այդ պահը չի զեկուցվել Հայաստանի ղեկավարությանը, եթե իհարկե նման բան եղել է և եթե իհարկե Ադրբեջանն է մեղավոր»,-շեշտեց Բալասանյանը:
Բալասանյանի խոսքով, դեռ պարզել է պետք, ապա հասկանալ, թե ինչու այդ մասին չի զեկուցվել ՀՀ ղեկավարությանը.
«Եթե պարզվեց, որ իրոք Ադրբեջանն է այնպես արել, որ մեր գնած զենքը մեզ չի հասնում, նշանակում է, որ այդ մասին չեն զեկուցել ԱԳՆ կենտրոնական ապարատ և Հայաստանի վարչապետին, որ Հայաստանն էլ անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկի այդ դժվարությունները չեզոքացնելու և խնդիրները կարգավորելու համար, անկախ նրանից, թե որ երկրների մայրաղաքներում է դա եղել»,-ասաց նա:
Թե ինչու Նիկոլ Փաշինյանը փորձեց մեղավոր ճանաչել ադրբեջանին, այլ ոչ դիվանագետներին, Բալասանյանը ասաց.
«Ես անկեղծ ասած չհասկացա՝ ինչ կոնտեքստով դա ասվեց, ու ում ուղղվեց մեղադրանքը, բայց ես չեմ կարծում, թե հիմա պատեհ պահ է զենքի մատակարարման այս խնդիրը այսպես կոծկել և փորձել մեղավորների ուղղությամբ այսպես անորոշ հայտարարություններ անել: Շատ վաղուց կա այսպիսի մի չգրված օրենք, որ ցանկացած խնդիր և ցանկացած բացթողում ունի կոնկրետ անուն և ազգանուն: Այսինքն, եթե անգամ չի բարձրաձայնվում այդ մասին, պետք է հստակ ասվի, գոնե ներքին քննարկումների ժամանակ, թե ով է եղել այն գլխավոր մեղավորը կամ ում մեղքն է եղել, որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել՝ շատ լավ իմանալով, որ Ադրբեջանը ամեն րոպե կարող է սկսել ռազմական գործողություն; Դա միայն սրան չի վերաբերվում, դա և անցյալ տարի եղավ, և դրանից առաջ եղավ: Այս հարցին էսպես մատերի արանքով են վերաբերվել և թողել են, որ իրավիճակը իսկապես դառնա ծայրահեղ ծանր»,- նշեց միջազգայնագետը:
Լուսինե Ալեքսանյան