Ոչ թե գովազդ, այլ կոնկրետ օգնություն․ Ավստրիայի նախագահի հայազգի թեկնածու Վալենթինը հետաքրքիր ակցիա է իրականացնելու
ОбществоՀայտնի է, որ Ավստրիայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել մորական կողմից հայկական արմատներ ունեցող Թասիլո Վալենթինը։
Պարզվում է, որ քաղաքական գործիչը ոչ միայն համեստ է, այլև սոցիալական կարևոր նախաձեռնություն է հանդես բերում նախընտրական քարոզարշավի ընթացքում։
«Այսօրվա վիեննական մամուլում տեղ է գտել Ավստրիայի նախագահական ընտրությունների թեկնածու Դր. Թասիլո Վալենթինի մի որոշման հետաքրքիր լուրը: Նախագահի թեկնածուն որոշել է գովազդային պաստառներից չօգտվել և դրա փոխարեն կարիքավոր քաղաքացիներին նվիրել ավելի քան չորս տոննա փայտ-վառելիք»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց վիեննահայ հասարակական գործիչ Ռազմիկ Թամրազյանը։
Իր այդ որոշման մասին խոսելիս՝ հայազգի գործիչը շեշտել է այն հանգամանքը, որ երբ շատ քաղաքացիներ չգիտեն՝ ինչպես հոգալ իրենց ծախսերը համաեվրոպական ընդհանուր թանկացումների և ստեղծված ճգնաժամի պատճառով, իր համար սխալ ժամանակ է պաստառների համար դրամ վատնելը:
«Նախաձեռնությունը պիտի իրականացնի այս կիրակի՝ հոկտեմբերի 2-ն, ժամը 11:00-ին Վիեննայի 4-րդ Վիդեն թաղամասում՝ Բելվեդերէ Պալատին կից «Stöckl im Park» Ճաշարանի հրապարակում»,-հավելեց Թամրազյանը։
Արա Ալոյան