Վտանգավոր է և քաղաքական «մերկության» նշան․ ռազմական գործիչը՝ Փաշինյանի՝ զենք չունենալու մասին հայտարարության վերաբերյալ
ՀասարակությունՆախորդ օրվա կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե շատ գործընկեր երկրներ Հայաստանին հրաժարվում են զենք վաճառել, շարունակում է բուռն քննարկումների տեղիք տալ։
«Փաշինյանի այդ հայտարարությունը շատ սխալ էր, առաջին հերթին՝ անվտանգության առումով։ Դա քաղաքական «մերկություն է» ու քաղաքական «տգիտություն» ռազմական, պաշտպանական և ընդհանուր անվտանգային առումով»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում շեշտեց «Հայ ազգային ճակատի» հիմնադիր, ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը։
Նա անընդունելի համարեց երկրի թիվ մեկ պատասխանուի կողմից նման բացահայտ տեղեկության հնչեցումը՝ ի տես ագրեսոր Ադրբեջանի։
«Այսպես նա հրապարակավ հայտարարություններ է անում նաև այն մասին, թե ներքաղաքական խնդիրներ ունենք, ունենք խնդիրներ մեր ռազմավարական դաշնակցի և մյուս բարեկամ պետությունների հետ։ Այսինքն, ասում է՝ մենք հայտնվել ենք «ծնկած» վիճակում, դե, ձեզ տեսնենք»,-նկատեց մեր զրուցակիցը։
«Թիվ մեկ պատասխանատուն իրավունք չունի նման բաներ ասել, առավելևս՝ անվտանգությանը վերաբերող։ Ընդհակառակը, անկախ պատերազմական իրավիճակից ու այլ հանգամանքներից, նա պիտի գործեր վստահ, ուժեղ ու բարձր դիրքերից, եթե ինքը դավադիր չէ ու այլ ծրագրեր չունի»,-ասաց Գևորգյանը։
Միաժամանակ, նա բացառեց, որ գումար ունենաս և քեզ զենք չվաճառեն։ Նրա համոզմամբ, այդկերպ գործընկերները կոնկրետ քաղաքական անվստահություն են հայտնում Հայաստանին կամ ավելի շուտ՝ ՀՀ ներկայիս ռազմաքաղաքական իշխանություններին․
«Այդ ինչպե՞ս է, որ 2018 թ․ առաջ և գումար ունեինք, և զենք էինք գնում, և անվճար ստանում էինք կամ մասամբ վճարում։ Ավելին, 2018-ից հետո Փաշինյանի գնած սպառազինությունն էլ չօգտագործվեց ի շահ մեր պետականության, Արցախի, հայ զինվորի»։
Արա Ալոյան