Ուկրաինայում բարձր տրամադրություններ են․ ժողովուրդը շարունակում է լիակատար աջակցություն ցուցաբերել բանակին․ փորձագետ
Արտաքին ՔաղաքականՎերջին օրերին Ուկրաինան շոշափելի հաջողություններ է գրանցում ռազմաճակատում։ Մինչ ՌԴ-ում հայտարարվել է մասնակի մոբիլիզացիայի մասին, ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հետ են գրավել Լիման քաղաքը։
Մինչև այդ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը ԱՄՆ գործընկերոջ հետ զրույցից և Մեծ Բրիտանիայի ռազմական գերատեսչության ղեկավարի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ շուտով լավ լուրեր կհայտնի։
«Ուկրաինայում հիմա դրական տրամադրություններ են, բնակչությունը, որը մեծապես աջակցում է երկրի բանակին, ոգևորված է վերջին իրադարձություններում։ Եվ այդ ամենը տեսանելի է»,-ԼՈՒՐԵՐ․ com-ին ասաց «Համաշխարհային քաղաքականության ինստիտուտ»-ի գործադիր տնօրեն, Ուկրաինայի ՊՆ հանրային խորհրդի նախկին անդամ Եվգենի Մագդան։
Փորձագետի խոսքով, Ուկրաինայում կա լիակատար համերաշխություն և փոխաջակցություն ժողովրդի ու երկրի զինված ուժերի միջև։
«Դրա վկայությունն այն էր, որ երեկ (հոկտեմբերի 2-ին- խմբ․) Ուկրաինայում նշվեց Զինված ուժերի օրը՝ որպես տարածքային ամբողջականության ու պաշտպանության երաշխիք, և, կարելի է ասել՝ համաժողովրդական տոնախմբություն էր հանրապետությունում»,-նշեց մեր զրուցակիցը։
Արա Ալոյան