ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Իրանի իշխանությունների դեմ. Al Arabiya
Եվրամիությունը քննարկում է Իրանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերին նրանց արձագանքի պատճառով։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ում խոսքերը մեջբերում է Al Arabiya հեռուստաալիքը։
«Մենք կշարունակենք դիտարկել մեր տրամադրության տակ եղած բոլոր տարբերակները, ներառյալ սահմանափակող միջոցները՝ կապված Մահսա Ամինիի սպանության և ցույցերին Իրանի անվտանգության ուժերի արձագանքի հետ», - ասել է քաղաքական գործիչը։
Բորելը բողոքի ակցիաների ժամանակ իշխանությունների գործողություններն անվանել է «անհամաչափ» և «չարդարացված», ինչը հանգեցրել է տասնյակ զոհերի։
Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում շարունակվում են սեպտեմբերի 16-ին սկսված բողոքի զանգվածային ցույցերը։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ այս ընթացքում ավելի քան 130 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Պաշտոնական տվյալներ չեն հրապարակվում։ Երկրում անկարգություններ են սկսվել 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո՝ նա մահացել է բերման ենթարկվելուց հետո։ Ականատեսները պնդում են, որ նրան ծեծի են ենթարկել ոստիկանները, ովքեր Ամինիին մեղադրել են «անպատշաճ կերպով» հիջաբ կրելու մեջ: Իրանի ոստիկանությունը հայտնում է, որ մահը տեղի է ունեցել սրտի կաթվածի պատճառով:
Բողոքի ցույցերը մայրաքաղաքից տարածվել են այլ քաղաքներ։ Ցուցարարներն օգտագործում են պաստառներ, որոնք քննադատում են Իրանի կառավարությանն ու հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Վերջինս պնդում է, որ բողոքի ակցիաները ծրագրել են Վաշինգտոնն ու Թել Ավիվը։